Յուրաքանչյուր մանրուք մշակվել է Հայաստանի պատմությունն ու ոգին պատվելու համար. «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է քննադատություններին
Հասարակություն
09:11 22/11/2025
Հայաստան

Յուրաքանչյուր մանրուք մշակվել է Հայաստանի պատմությունն ու ոգին պատվելու համար. «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է քննադատություններին

Թաիլանդում անցկացված «Միսս Տիեզերք 2025» մրցույթին Հայաստանը ներկայացրել է հայկական ծագմամբ ամերիկացի մոդել Փեգի Գարաբեկյանը: Համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց Փեգի զգեստներից մեկը՝ «հայկական խորհրդանշաններով հայկական տարազը»։ 

Էմմա Մարաշլյանը գրել է. 

«Չեմ կարող չնշել մի երևույթ, որը վերջին տարիներին հաճախ եմ նկատում։ Երբ խոսքը վերաբերում է «ազգային» հագուստ ստեղծելուն, կարծես տարածվել է մի սխալ պատկերացում, թե բավական է վերցնել բոլոր հնարավոր խորհրդանիշները - եռագույն, Գառնիի տաճար, անմոռուկ, թագ, խաչ, հայկական տառեր, հնագույն պատկերներ - և դրանք մեկընդմեջ դասավորել մի ու նույն հագուստի վրա։

Բայց այս մոտեցումը ոչ թե արժեք է ստեղծում, այլ վերածում է հագուստը սիմվոլների խառնաշփոթ հավաքածուի, որտեղ կորում են գաղափարը, պատմությունը և ամենակարևորը՝ գեղագիտությունը։ Այսպես ասեմ «աջաբսանդալ»:

Ազգային տարազը ցուցափեղկ չէ։

Այն պատմություն է՝ արտահայտված ձևի մեջ, կտորի որակում, գծի մաքրության մեջ, գույնի ներդաշնակ համադրության մեջ։

Հագուստը պետք է կրի մշակույթի լեզուն նույնիսկ առանց որևէ խորհրդանշի, եթե ձևը և գաղափարը ճիշտ են մտածված։

Սիմվոլները արժեք են, երբ տեղում են, երբ ունեն արդարացված ներկայություն։

Երբ դրանք պարզապես լցվում են կտորի վրա՝ առանց չափի ու միտքի, արդյունքը դառնում է ոչ թե հարգանք ազգայինի հանդեպ, այլ խառը ձևավորում՝ առանց խորքի։

Առաջին նկարում հագուստի հեղինակ Կրիկոր Յաբոթյան: Ախթամար հավաքածուն է:

Մյուս նկարի ներկայացված հագուստի հեղինակին չեմ ճանաչում: Դե չեմ ճանաչում...»։



Փեգի Գարաբեկյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է հնչած քննադատություններին՝ նշելով, որ սա ավանդական տարազ չէ. «Սա ժամանակակից մեկնաբանություն է, խորհրդանշական տարազ՝ հյուսված մեր մշակույթի, ժառանգության, հավատքի և բնության մասնիկներից»։ Նա նաև լուսանկարներ  է հրապարակել՝ նշելով, որ հագուստի յուրաքանչյուր տարր ունի նպատակ և իմաստ. «Յուրաքանչյուր մանրուք մշակվել է Հայաստանի պատմությունն ու ոգին պատվելու համար՝ միաժամանակ այն ներկայացնելով նոր գեղարվեստական ​​տեսանկյունից»։ 

Հագուստի հեղինակը 22-ամա դիզայներ Մարտուն Գևորգյանն է։

Aravot.am-ը զրուցել է երիտասարդ դիզայների հետ. «Զգեստի դիզայնի գաղափարը ծնվեց, երբ Փեգին ասաց, որ ուզում է ամբողջ աշխարհով հնչի, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Քանի որ Հայաստանը թոփ 30-ում երբևէ տեղ չէր գրավել, մենք թիմի հետ աշխատելով՝ ցանկացանք ստանալ տարբերվող մի բան, մտածելով՝ կարող է «Միսս Տիեզերքի» ժյուրին ուզում է մի ուրիշ բան տեսնել: Չէինք պատկերացնում, որ հայ ազգն այդքան վատ կընդունի, թեև մի կողմից դա սպասելի էր, որովհետև բոլորին թվում էր, թե սա տարազի մրցույթ էր: Մինչդեռ «Միսս Տիեզերք 2025»-ում զգեստների այս հատվածը թատերականացված են ներկայացրել:

Մենք ստացել ենք քարերի սիմֆոնիայի տեսքը, ինչին հաջորդեցին քննարկումները, թե նման չի, տգեղ է եւ այլն, ուսերին ավելացրել ենք ծիրանագույն բարձր թեւեր, որպեսզի կերպարին մարտիկի տեսք տանք, ոգեշնչվել ենք Մայր Հայաստանի արձանից՝ փորձելով ցույց տալ հայ կնոջ ուժը: Զգեստի փեշին ավելացրել ենք անմոռուկներ, օգտագործելով կապույտ գույնը՝ այդպիսով բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության մասին: Նաև ավելացրել ենք 12 երկաթ՝ եկեղեցու շուրջը, որոնցից կարմիր քարեր են կախվում, որպեսզի ցույց տանք այն 12 նահանգները, որոնք կորցրել ենք ցեղասպանության ժամանակ: Իսկ կարմիրը խորհրդանշում էր արյունը: Վերջում օգտագործել ենք նուռը՝ մեր հայկական միրգը»։ 


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Յուրաքանչյուր մանրուք մշակվել է Հայաստանի պատմությունն ու ոգին պատվելու համար. «Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչն արձագանքել է քննադատություններին